-Կարե՛ն, դու «Նորավանք»-ի ստեղծման օրվանից թիմում ես։ Ակումբը փոքր-ինչ անհաջող մեկնարկեց առաջնությունում։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր մեր վատ մեկնարկի պատճառը։

-Այո՛, առաջնության մեկնարկը մեզ համար այնքան էլ հաջող չստացվեց և դրա պատճառն այն էր, որ լավ չէինք հասկանում միմյանց։ Այդ պատճառով մենք առաջնության մեկնարկային մի քանի խաղերում պարտություն կրեցինք, սակայն, հետագայում կարողացանք կայուն և արդյունավետ խաղ ցուցադրել և հասնել հաջողությունների։

-Կնշե՞ս ինչ փոխվեց, որ այս պահին թիմը ցուցադրում է կայուն և արդյունավետ խաղ։

-Մարզչական շտաբի ճիշտ աշխատանքի և մեր քրտնաջան մարզումների շնորհիվ մենք բարելավեցինք մեր խաղը։ Ժամանակի ընթացքում թիմը զարգացրեց խաղակցվածությունը, սկսեցինք իրար ավելի լավ հասկանալ և որպես միասնական թիմ գործել խաղադաշտում։  Այս հարցում մեզ օգնեցին նաև մրցաշրջանի ընթացքում թիմին միացած ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի ֆուտբոլիստները, որոնք բավականին ուժեղացրեցին մեր կազմը։

-Դու մինչ «Նորավանք» տեղափոխվելը խաղացել ես FDC Vista Gelendzhik-ում, և լինելով այդ թիմի կազմում հանդես ես եկել Ռուսաստանի 1–ին և 2-րդ դիվիզիոնների թիմերի դեմ։ Մի փոքր կպատմե՞ս Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի տարբերության ու առանձնահատկությունների մասին։

-Տարբերությունն այդքան էլ մեծ չէ։ Ճիշտ է, Ռուսաստանում ֆուտբոլը ավելի զարգացած է, բայց ես կարծում եմ, որ մեր ֆուտբոլը ևս կարող է հասնել այդ մակարդակին։ Եթե Հայաստանում էլ երիտասարդ ֆուտբոլիստներին ավելի շատ հնարավորություն և շանս տան, վստահ եմ, որ մեր ֆուտբոլը ևս շատ արագ կզարգանա։

-Առաջնության մեկնարկային խաղում «Նորավանք»-ը հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին։ Այդ խաղում դու դարձար ակումբի պատմության առաջին պաշտոնական գոլի հեղինակը։ Ի՞նչ զգացողություններ էին։

-ԲԿՄԱ-ի հետ խաղը մեր ակումբի պատմության առաջին պաշտոնական խաղն էր։ Այդ խաղում մենք չկարողացանք հաղթել ԲԿՄԱ-ին, բայց շատ դրական և լավ զգացողություններ ունեցանք։ Այդ խաղն ինձ համար նշանակալից էր, քանի որ դարձա ակումբի պատմության առաջին պաշտոնական գոլի հեղինակը։

-Ի՞նչ սպասենք քեզանից մրցաշրջանի վերջնամասում։

-Ինձանից կարող եք սպասել գեղեցիկ գոլեր, արդյունավետ ու կայուն խաղ։

Կանեմ ամեն ինչ՝ օգնելու թիմին կերտելու հաղթանակ յուրաքանչյուր խաղում։

 

5 Ապրիլի, 2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Translate »